297 միլիոն դրամ վճարվեց որպես շահաբաժին
Հունիսի 14-ին Արարատ բանկը բանժենետերերի տարեկան ժողովում ամփոփեց 2012-ի գործունեության արդյունքները, հաստատեց բանկի տարեկան հաշվետվությունը: Բանկի գործունեության արդյունքում առաջացած շահույթի 200 միլիոն դրամը հատկացվեց պահուստային հիմնադրամին, 297 միլիոն 019 հազար դրամը որոշվեց վճարել բաժնետերերին որպես շահաբաժին:
Կենտրոնական բանկի նախագահ Աշոտ Ջավադյանը բարձր գնահատեց Արարատբանկի գործունեությունը: Նշվեց, որ անցած տարիներին բանկը մեծ ներդրում է ունեցել բանկային համակարգի զարգացման մեջ, վարելով ակտիվ վարկային քաղաքականություն` իր ներդրումն է ունեցել տնտեսության զարգացման մեջ: «Արարատբանկը աչքի է ընկել կառավարման բարձր արդյունավետությամբ` ներդնելով ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ, վարկավորման արագատեմպ աճի պայմաններում պատմականորեն ունեցել է վարկերի բարձր որակ: Բանկի ակտիվ քաղաքականությանը մեծապես նպաստում է մասնաճյուղերի աշխարհագրական լայն ցանցը, որի շնորհիվ բանկային ծառայությունները հասանելի են դարձել Հայաստանի մարզերում և ԼՂՀ-ում: Արարատբանկն աչքի է ընկնում նաև կապիտալի շուկայում իր ակտիվ մասնակցությամբ` բանկն առաջինն է հանրապետությունում թողարկել կորպորատիվ բաժնետոմսեր»,-ասաց պարոն Ջավադյանը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի ֆինանսական համակարգի և տնտեսության զարգացման ճանապարհին ներդրած ավանդի համար և մաղթելով, բեղմնավոր աշխատանք ու նորանոր ֆինասնական հաջողություններ:
Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը Արարատբանկի հետ 2007 թվականից սկսված համագործակցությունը արդյունավետ որակեց: «Մինչև այսօր մենք ֆինանսավորել ենք 7 նախագծեր 30 միլիոն դոլարի շրջանակներում: Արարատանկը հաջողությամբ մասնակցել է մեր վերապատրաստման դասընթացներին բանկի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրով: Ուզում եմ ընդգծել բանկի կառավարման որակը, աշխատակազմի բարձր մակարդակը: Արարատբանկի 9 աշխատակիցներ մասնակցել են մեր դասընթացներին և առաջատար դիրքեր են գրավել 29 երկրների մեջ: Մենք շատ բարձր ենք գնահատում բանկի 2012-ի գործունեության արդյունքները, դեպոզիտների 25 տոկոսանոց աճը, վարկային փաթեթի աճը 40 տոկոսով, 30 տոկոսով ակտիվների աճը խոսուն արդյունքներ են: Հուսով եմ` աճի այս միտումները կշարունակվեն»,-ասաց պարոն Ռազլոգը:
Բելգիական Incofin Investment Managment կազմակերպության ներկայացուցիչ Լեսլի Տոտեն բարձր գնահատեց Արարատբանկի գործունեությունը` ընդգծելով, որ բանկն ունի մեծ ճանաչում ու հեղինակություն միջազգային ասպարեզում: Նա կարևորեց բանկի աշխատանքը միկրոֆինանսավորման ոլորտում: Լեսլի Տոտեն հիշեցրեց, որ իր կազմակերպության առաքելությունն է նպաստել աղքատության հաղթահարմանը գյուղական վայրերում` տրամադրելով վարկեր և ֆինանսական ծառայություններ միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ: Պարոն Տոտեի գնահատմամբ` Արարատբանկը լավագույն դիրքերն ունի գյուղատնտեսական վարկերի տրամադրման մեջ: «Մենք հավատում ենք, որ բանկի տրամադրած վարկերը լրացուցիչ օգնություն են գյուղերում աղքատության մեջ հայտնված մարդկանց: Արարատբանկը կարող է մեզ վրա հույս դնել որպես հուսալի գործընկերոջ, որը կշարունակի տրամադրել թե ֆինանսական, թե խորհրդատվական աջակցություն»,-ասաց պարոն Տոտեն:
Արարատբանկ ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանի գնահատականով` բանկը 2012-ին հավատարիմ է մնացել իր որդեգրած քաղաքականությանը և շահառուներին առաջարկել է միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ: Բանկը շարունակել է ինտենսիվ համագործակցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ և առավել խորացրել ու ընդլայնել է փոխգործակցությունը: Վարկային տարբեր ծրագրերով ներգրավված ֆինասական միջոցների շնորհիվ բանկը ակտիվ ներգրավված է եղել երկրի տնտեսության տարբեր ոլորտների, մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման ծրագրերում: Խորհրդի նախագահը կարևոր ձեռքբերում է համարում բանկի և Incofin Investment Managment կազմակերպության Rural Impulse Fund-ի միջև Արարատբանկի կանոնադրական կապիտալում մասնակցության վերաբերյալ պայմանագիրը, որ վկայում է բանկի բարձր հեղինակությունը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ֆինանսական կազմակերպություններում:
Արարատբանկ ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը գտնում է, որ 2012-ին բանկն իրականացրել է իր ռազմավարությամբ ու բյուջեով նախատեսված ծրագրերը, արդյունքները վկայում են, որ բանկը գործել է իր հնարավորությունների առավելագույն մակարդակում` էական ձեռքբերումներ ունենալով մի շարք ուղղություններով: 2012-ին բանկը գերակատարել է ծրագրված գրեթե բոլոր ցուցանիշները: Ավելին` բանկային գործունեության հիմնական ցուցանիշներով արձանագրել է Հայաստանի բանկային համակարգի 2012 թ. աճի միջին տեմպերից բարձր տեմպեր: Ֆինանսական ցուցանիշների աճի ապահովմանը զուգահեռ` հաջողվել է առավել ամրապնդել բանկի դիրքերը շուկայում, վստահությունը հաճախորդների, բաժնետերերի, միջազգային ֆինանսական գործընկեր կազմակերպությունների շրջանում:
2012-ին, միջազգային լավագույն փորձի հիման վրա Հայաստանում բիզնես մշակույթի ներդրման քաղաքականությանը հետևելով` բանկը շարունակել է ինստիտուցիոնալ զարգացումը, վերանայվել է կազմակերպական կառուցվածքը` կատարելագործվել է կորպորատիվ կառավարումը, ստեղծվել են լիզինգի և գյուղատնտեսական վարկավորման բաժիններ, օպտիմալացվել ու արդիականացվել են բիզնես գործընթացները, կատարվել է ռիսկերի վրա հիմնված աուդիտի պլանավորում և ստուգում, նախաձեռնվել է COSO ստանդարտների համակարգի ներդրումը, արդիականացվել են ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերը: Բանկի զարգացման շարունակականությունը ապահովելու նպատակով 2013-ին գերակա խնդիրներ են դարձել մասնաճյուղերի ցանցի, մարդկային ռեսուրսների, գործառնական ռիսկի կառավարումը, բիզնես գործընթացների օպտիմալացումը: Գնահատելով հաճախորդների առանցքային դերը իր հաջողությունների մեջ ` 2012-ին Արարատբանկը հաճախորդների հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու քայլեր է ձեռնարկել. պարբերաբար իրականացվել են հարցումներ հաճախորդների կարծիքները և առաջարկները ստանալու նպատակով, եղել են հանդիպումներ ֆոկուս խմբերի հետ: Բանկի ղեկավարությունն առաջնորդվում է հաճախորդի կողքին լինելու և աշխարհագրությունն ընդլայնելու քաղաքականությամբ: Նորարարական խումբը քննարկել է վարկային նոր ծառայությունների ներդրման, գործող ծառայությունների, վճարային քարտերի կատարելագործման, արագ դրամական փոխանցումների համակարգի օպտիմալացման (ծրագրային ապահովման), ինտերնետային կայքի արդիականացման, հեռախոսային կենտրոնի գործողությունների ընդլայնման հարցերը: 2012-ին բանկի հաճախորդների քանակն աճել է 18,6 տոկոսով և կազմել 167,103: 2012-ի տարեվերջին ընդհանուր ակտիվների ծավալը կազմել է 113,713,133 հազար դրամ` գերազանցելով 2011-ի ցուցանիշը 29,8 տոկոսով: Ակտիվների աճը պայմանավորված է վարկային ներդրումների աճով, որոնք կազմում են ընդհանուր ակտիվների 47,2 տոկոսը: Վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ աճել է 39,8 տոկոսով` կազմելով 53,662.023 դրամ: Վարկային ներդրումների աճը պայմանավորված է ճկուն վարկային քաղաքականությամբ, մասնաճյուղային ցանցի և վարկային կոմիտեների լիազորությունների ընդլայնմամբ, տարածքային կենտրոնների և մասնագիտացված ստորաբաժանումների ստեղծմամբ: Վարկային պորտֆելի գերակշիռ մասը բաժին է ընկնում առևտրի և արդյունաբերության ճյուղերին, անհատներին տրված վարկերին: Առևտրի վարկավորումն աճել է 48,1 տոկոսով, արդյունաբերությանը` 41,4 տոոսով, իսկ անհատներին տրամադրված վարկերը` 32,6 տոկոսով, փոքր ու միջին կազմակերպություններին տրված վարկերն աճել են 50,1 տոկոսով և կազմել 36,191,7 հազար դրամ: 2012-ին Արարատբանկը ընդլայնել է համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով Արարատբանկը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են 4 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր: Միկրո, փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության զարգացումը խթանելու համար Արարատբանկը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 7 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր: Մանրածախ, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողության ու էներգարդյունավետության ֆինանսավորման նապատակով Արարատբանկը և Հարավարևելյան Եվրոպայի Green for Growth Fund հիմնադրամը կնքել են 5 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր: Միկրո, փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով 10 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքվել ResponsAbility Microfinanse հիմնադրամի հետ: 2012-ի վերջին բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 97,255, 3 միլիոն դրամ, որը 2011-ի համեմատ աճել է 25,4 տոկոսով: 2012-ի վերջին զուտ շահույթը կազմել է 3,332,3 դրամ, որը 2011-ի համեմատ աճել է 50,5 տոկոսով: 2012-ի վերջին ընդհանուր կապիտալը կազմել է 16,457,9 միլիոն դրամ, որը 2011-ի համեմատ աճել է 34,4 տոկոսով: 2012-ի վերջին հաճախորդների թիվը կազմել է 167, 103, որը 2011-ի վերջի համեմատ աճել է 18,6 տոկոսով: 2012-ի վերջին թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 103,015 հատ, որը 2011-ի վերջի համեմատ աճել է 20,1 տոկոսով: 2012-ին բացվել է 4 մասնաճյուղ, տարեվերջին բանկն ուներ 42 մասնաճյուղ: 2012-ին Արարատբանկի սեփական կապիտալն աճել է 4,206,434 հազար դրամով կամ 34,4 տոկոսով և կազմել է 16,457,882 հազար դրամ: Կանոնադրական կապիտալի համալրման նպատակով թողարկվել և տեղաբաշխվել է 85100 բաժնետոմս, որի հետևանքով կանոնադրական կապիտալի և էմիսիոն եկամտի աճը կազմել է 1,187 միլիոն դրամ: Բանկի կապիտալի աճի արդյունքում մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը տարեվերջին կազմել է 12,883 դրամ, 2011-ի համեմատ աճելով 25,5 տոկոսով` 5000 դրամ անվանական արժեքի պարագայում: 2012-ի զուտ շահույթը կազմել է 3,332, 257 հազար դրամ, որ 2011-ի համեմատ աճել է 50,5 տոկսով: Բանկի գործունեության շահութաբերության ցուցանիշները կազմել են` կապիտալի շահութաբերությունը` 23,7 տոկոս, ակտիվների շահութաբերությունը` 3,2 տոկոս: Մեկ բաժնետոմսին ընկնող շահույթի ցուցանիշը կազմել է 2, 762 դրամ: Նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելով` բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասաց, որ ամենակարևորը վստահությունն է, որը անհնար է գնել:
Արդյունքները փայլուն են
Արարատբանկ ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին հարցրի, թե ինչպե՞ս է գնահատում 2012-ի թվականին բանկի գործունեությունը.
-Արդյունքները փայլուն են: Մենք ստեղծել ենք 3 332 միլիոն շահույթ, որը ամենաբարձր ցուցանիշն է բանկային կապիտալի: Արարատբանկը առաջին տեղում է, մենք ունենք 23,7 տոկոս վերադարձ, որը բավականին լավ ցուցանիշ է: Այլ երկրներում վերադարձը միջինը 14 տոկոս է: Մենք իրականացրել ենք մեր ռազմավարական ծրագիրը 140 տոկոսով, աճ ունենք բոլոր ցուցանիշներով և ամրապնդել ենք մեր բանկի դիրքերը հայկական ու միջազգային շուկաներում: Այս տարի մենք շահառուներին վճարեցինք 4,65 տոկոսի չափով շահաբաժին: Որպես գործադիր տնօրեն` մեր աշխատանքը կարող եմ գնահատել իբրև կատարված: 2013-ին մենք շարունակելու ենք զարգացման միտումները, ունենք շահույթ, զարգացում բոլոր ցուցանիշներով, հաճախորդների աճ և 2012-ի ցուցանիշները կփորձենք պահպանելու ու զարգացնել:
Եվս մեկ պայմանագիր
Բաժնետերերի տարեկան ժողովի ավարտին Արարատբանկ ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ու Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ստորագրեցին պայմանագիր, որը Արարատբանկի գործունեության մեջ նոր որակ է բերում: Պայմանագրի ստորագրման առիթով Աշոտ Օսիպյանն ասաց.
-Մենք շատ ակտիվ ենք միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում: Անցած տարի մենք 7.8 միլիոն դոլարի ակրիդիտիվներ ենք իրականացրել, կարճաժամկետ վերականգնող վարկային պայմանագրեր 10 միլիոն դոլարի: Այս գործընթացում մենք եղել ենք թողարկող բանկ և հիմա կնքեցինք պայմանագիր, որով լինելու ենք այդ ակրիդիտիվները հաստատող: Դա նոր զարգացում է, մենք դառնում ենք հաստատող բանկերի ընտանիքի անդամ, մեր բանկը արդեն կարող է հաստատել ակրիդիտիվները ինչպես Հայաստանում գործող բանկերի, այնպես էլ Հայաստանից դուրս:
Գնահատելով պայմանագրի նշանակությունը` Վալերիու Ռազլոգը նշեց.
-Մենք այսօր ստորագրեցինք պայմանագիր, որով Արարատբանկը դառնում է մեր առևտրային ֆինանսավորումը հաստատող բանկ: Ի՞նչ է նշանակում այս պայմանագիրը: Արարատբանկը կարող է հաստատել ակրիդիտիվները կամ երաշխիքները, որ թողարկում են արտասահմանյան բանկերը, դրանով նպաստելով Հայաստանից արտահանմանը: Դա նշանակում է, որ մեծացել է մեր վստահությունը Արարատբանկի նկատմամբ:
Արարատբանկում գործիմաց ու փորձառու աշխատակազմ կա:
Արարատբանկ ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանին հավարտ բաժնետերերի տարեկան ժողովի հարցրի, թե պրոբլեմներ ունի՞ Արարատբանկը:
-Ինչպե՞ս կարող է չունենալ: Ամբողջ աշխարհը պատած ֆինանսատնտեսական ճգնաժամի ալիքը նաև Հայաստանին է հարվածել: Այդ պայմաններում բնական է, որ տնտեսության վիճակը որոշակի առումով ճգնաժամային է, ինչը և անդրադառնում է բանկերի գործունեության վրա: Մեր առավելությունն այն է, որ կարողանում ենք արագ գնահատել ռիսկերը ու հաղթահարել: Խնդիրներ կան, եղել են միշտ ու լինելու են, Արարատբանկում գործիմաց ու փորձառու աշխատակազմ է հավաքված, վստահ եղեք, հնարավորն արվում է տարատեսակ խնդիրները արագ ու բարձր մակարդակով լուծելու համար, ինչը և վկայում են բանկի բարձր ցուցանիշները` տարեցտարի ընդլայնելով բանկային գործունեության տեսակները, մատուցվող ծառայությունների ծավալները, բարելավելով որակը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Իբրև տեղեկանք ներկայացնեմ 2012-ին Արարատբանկի գործունեության առավել կարևոր իրադարձությունները:
ՀՈՒՆՎԱՐ
Եվրասիական զարգացման բանկի հետ կնքվեց 4 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Հայաստանում միկրո և փոքր բիզեսի ֆինանսավորման նպատակով:
ՓԵՏՐՎԱՐ
NASDAQ OMX ARMENIA բորսայի կազմակերպած մրցանակաբաշխությանը բանկը ճանաչվեց բորսային լավագույն մասնակից, պետական պարտատոմսերի շուկայում բանկին շնորհվեց մեծ մրցանակ` բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար:
ՄԱՐՏ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արարատբանկի երեք աշխատակիցների շնորհեց Միջազգային առևտրային պալատի հավաստագրեր:
ԱՊՐԻԼ
Երևանում բացվեց բանկի 39-րդ` Նոր Արեշի մասնաճյուղը:
Բանկը և Diners Club ընկերությունը հայտարարեցին իրենց համագործակցության մեկնարկը:
ՄԱՅԻՍ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակներում Արարատբանկը ճանաչեց իբրև 2011 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում:
ՀՈՒՆԻՍ
Երևանում բացվեց բանկի 40-րդ` Ջրվեժի մասնաճյուղը:
Բանկը 268,2 միլիոն դրամ վճարեց բաժնետերերին 2011-ի գործունեության ընթացքում առաջացած շահույթից:
Բանկը երկրորդ տարին անընդմեջ SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացավ գերմանական Commerzbank AG «Որակի գերազանցության» մրցանակին:
ՀՈՒԼԻՍ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ստորագրվեց 7 միլիոն դոլարի նոր վարկային պայմանագիր` Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսը, գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով:
Գյումրիում բացվեց 41-րդ` Շիրակի մասնաճյուղը:
ՀՈԿՏԵՄԲԵՐ
Առաջին անգամ Հայաստանում բանկը թողարկեց 40000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսեր` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով:
Բանկի և բելգիական Incofin Investment Managment կազմակերպության Rural Impulse Fund-ի միջև ստորագրվեց Արարատբանկի կանոնադրական կապիտալում մասնակցության վերաբերյալ պայմանագիր, որի համաձայն Incofin Investment Managment-ը դարձավ բանկի 4,99 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր:
Սպիտակում բացվեց բանկի 42-րդ` Սպիտակի մասնաճյուղը:
Բանկը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական Raiffeissen Bank International AG-ի կողմից ճանաչվեց առաջին բանկը Հայաստանում:
ՆՈՅԵՄԲԵՐ
Բանկի հինգերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին NASDAQ OMX ARMENIA ֆոնդային բորսայում:
Արարատբանկը և Հարավարևելյան Եվրոպայի Green for Growth Fund հիմնադրամը կնքեցին 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:
ԴԵԿՏԵՄԲԵՐ
Բանկը 10 միլիոն դոլարի վարկային պայմանագիր ստորագրեց ResponsAbility Microfinanse հիմնադրամի հետ: